Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Կլոր սեղան ՀՀԱԱ-ում` դիտարկումներ Լոնդոնի կոնֆերանսից
Հուլիս 18, 2013

2013թ. Հուլիսի 15-ին Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայում տեղի ունեցավ կլոր սեղան–քննարկում “Միջազգային ստանդարտների ներդրումը նախկին խորհրդային երկրներում” թեմայով: Քննարկմանը մասնակցում էին ՀՀԱԱ  նախագահ Ահարոն Չիլինգարյանը, ՀՀԱԱ խորհրդի նախագահի տեղակալ Գնել Խաչատրյանը, ՀՀԱԱ խորհրդի անդամներ, գործադիր տնօրեն Լևոն Խաչատրյանը, ՈՒՀԿ ՍՊԸ տնօրեն Հայկ Մնացականյանը, ՀՀԱԱ անդամներ և այլ մասնագետներ:

ՀՀԱԱ խորհրդի նախագահ Ահարոն Չիլինգարյանը և ՀՀԱԱ խորհրդի նախագահի տեղակալ Գնել Խաչատրյանը ներկայացրեցին 2013թ. մայիսի 14-16-ը Լոնդոնում տեղի ունեցած համաժողովում քննարկված խնդիրների շուրջ իրենց դիտարկումները:

Գնել Խաչատրյանը լոնդոնյան հանդիպման նպատակը հակիրճ բնութագրելով որպես հետխորհրդային երկրներում մասնագիտության զարգացումը, առավել հանգամանորեն անդրադարձավ այն խնդրին, թե Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտների Խորհուրդը (ՀՀՄՍԽ), Աուդիտի Միջազգային Ստանդարտների Խորհուրդը (ԱՄՍԽ), Հաշվապահների Միջազգային Դաշնության (ՀՄԴ) այլ խորհուրդների և կոմիտեների ղեկավարությունը ինչպես են տեսնում մասնագիտություն զարգացումները, ինչ նորություններ են նախատեսվում աուդիտի ստանդարտներում և ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում:

Նա ներկայացրեց ՀՀՄՍԽ-ի մոտեցումը, որը ՀՄԴ ներքո մշակում և հրապարակում է ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները: Ըստ ՀՀՄՍԽ` այսօր էապես կարևորվում է տարածաշրջանային մասնագիտական կառույցների զարգացումը, տարածաշրջանային հետաքրքրությունների վերհանումը և տարածաշրջանային մասնագիտական գիտելիքների օգտագործումը: Այդ նպատակով ՀՀՄՍԽ-ին կից ստեղծվել է  Հաշվապահական Հաշվառման Խորհրդատվական Ֆորում (ՀՀԽՖ), որն ներառում է  հինգ տարածաշրջան ներկայացնող 12 անդամ կազմակերպություններ: ՀՀԽՖ-ի հիմնական նպատակն է ՀՀՄՍԽ-ին տրամադրել մասնագիտական խորհրդատվություն և ստանդարտների կիրառման ընթացքում առաջացած հարցերի արձագանք: Աշխատանքները ավելի շատ ուղղորդվելու են դեպի առկա ստանդարտների կատարելագործմանը, առավել հանգամանալից մեկնաբանությունների տրամադրամանը, տարածաշրջանային հարցերի և գիտելիքներին, և ավելի քիչ՝ ՖՀՄՍ ստանդարտների ընդունմանը և ներդրմանը:

Գնել Խաչատրյանը հանգամանորեն ներկայացրեց նաև ՀՀՄՍԽ-ի առաջնային ծրագրերը`Հասույթ, Վարձակալություն, Ֆինանսական գործիքներ, Ապահովագրություն: Բանախոսը առանձնացրեց ՀՀՄՍԽ մոտեցումը, ըստ որի պետք է լինի հաշվետվողականության երեք մակարդակ՝ ՖՀՄՍ-ներ, ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ը և միկրո կազմակերպությունների համար ուղեցույցներ: Այս երեքը պետք է կառուցված լինեն նույն հենքի վրա, որով կհեշտանա մեկ մակարդակից մյուսին տեղաշարժը, կապահովվի աստիճանականությունը, և գիտելիքների առումով զարգացում կապահովվի: Հայաստանում ներդրվել և կիրառվում են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ն, իսկ միկրո կազմակերպությունների համար մշակվում են ուղեցույցներ, որոնք կլինեն հղումներ ՓՄԿ-ներին:

Հանդիպման ընթացքում Գնել Խաչատրյանը ներկայացրեց նաև Աուդիտի միջազգային ստանդարտների միտումների ուղղությամբ ԱՄՍԽ-ի մոտեցումը`առանձնացնելով պրոֆեսիոնալ կասկածամտությանը, աուդիտորի եզրակացությանը, բացահայտումների աուդիտին, այլ տեղեկատվության աուդիտին, աուդիտի որակին, արժանահավատության և հարակից ծառայությունների առաջադրանքներին վերաբերող հարցերը:

Առանձնակի տեղ է տրվում Էթիկայի վարքագրքի զարգացումներին. 2012թ. Օգոստոսին հրապարակվել է Վարքագրքի փոփոխությունների նախագիծը, 2013-ին`հիմք ընդունելով ստացված արձագանքները, հրապարակվել է վերանայված տարբերակը, իսկ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2014թ. ապրիլից: Փոփոխություններն առավելապես կվերաբերեն Վարքագրքի խախտումների դեպքում ձեռնարկվելիք քայլերին, շահերի բախման բացահայտման, գնահատման և կառավարման առավել համապարփակ ուղեցույցին, ինչպես նաև ներքին աուդիտի աշխատանքից օգտվելու դեպքում`առաջադրանքի թիմի սահմանման հստակեցմանը:

ՀՀԱԱ նախագահ Ա. Չիլինգարյանը ևս լոնդոնյան հանդիպումներից իր դիտարկումներում առանձնացրեց մասնագիտական միջազգային կառույցների կողմից էթիկային տրվող կարևորությունը, սակայն մինչ այդ այս կառույցների` ոլորտում ունեցած շատ կարևոր տեղն ու դերը բնութագրելու համար օգտագործեց “հաշվապահության եկեղեցիներ” բնորոշումը, որը քայլ առ քայլ հիմնավորում ստացավ նրա խոսքում` առաքելությունից մինչև գործունեության շրջանակները ներկայացնելը:

Անդրադառնալով պետական կարգավորողների և մասնագիտական կառույցների համագործակցությանը և պարտականություններին, Ա. Չիլինգարյանը այդ համատեքստում առանձնացրեց   Անգլիայի և Ուելսի Երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ICAEW) օրինակը, որն ունի 1300 անդամ, որոնք իրենց առաքելությունն են համարում երկրի տնտեսության զարգացմանը նպաստելը, հանրության բարօրությանը ծառայելը: Կառույցը ստեղծվել է 1888-ին` երկրի համար դժվարին պայմաններում, երբ մեծ էր տնտեսությանը օգնելու, օժանդակելու կարիքը:Կառույցի անդամները համոզված  են, որ իրենց ուժը նրա մեջ է, որ զբաղվում են օգնությամբ ու օժանդակությամբ, կարող են ներել ու հասկանալ մասնագիտության ներկայացուցիչներին, կյանքի դժվարին պայմաններում հայտնված մարդկանց: Կազմակերպության կազմում գործում են լուրջ խմբեր, որոնք զբաղվում են բարեգործությամբ: Անդամների 89 տոկոսը  անպայման հանրային շահերին միտված որևէ օգտակար գործ կատարում է: Նրանցից յուրաքանչյուրն իր պարտքն է համարում տարին ամփոփելիս ներկայացնել հանրային զարգացման ուղղությամբ իր ներդրումը: Խնդրին տրվող կարևորությունը ընդգծվում է նաև նրանով, որ պրոֆեսիոնալ այս կառույցի կողմից կատարված հանրային աշխատանքի վերաբերյալ լսումներ են կազմակերպվում նույնիսկ Անգլիայի օրենսդիր մարմնում: Այն, որ այս առաքելություն-սկզբունքը լիովին արդարացնում է իրեն, վկայում է նաև այն փաստը, որ պետությունները տնտեսական ճգնաժամի պայմաններում դիմում են ՀՄԴ-ին` խնդրելով, որ անդամ կազմակերպություններն օգնեն ծանր վիճակից դուրս գալու համար: ՀՀԱԱ նախագահը վկայակոչելով  Հունաստանի դիմում-խնդրանքը և նրան ցուցաբերված օժանդակության օրինակը, նշեց, որ անշուշտ նման կազմակերպությունները կարող են հպարտությամբ ընդգծել իրենց նկատմամբ եղած վստահությունը որպես լավագույն գնահատական: Կատարած գործի կարևորությամբ և արդյունավետությամբ է պայմանավորված նաև Համաշխարհային բանկի անվերապահ վստահությունն այդ կառույցների նկատմամբ. Վերջիններիս հետ կնքվում է պայմանագիր` որպեսզի նրանք կարողանան աշխատել տարածաշրջանային կազմակերպությունների հետ`իրենց կատարած հետազոտություններով ու վերլուծություններով օժանդակելով  նրանց: Ա. Չիլինգարյանը հավելեց, որ նման նախաձեռնությամբ է պատրասվում հանդես գալ նաև ՀՀԱԱ-ն`դիմել  Անգլիայի և Ուելսի Երդվյալ հաշվապահների ասոցիացիային (ICAEW)` ՀՀԱԱ-ում մոնիտորինգ անելու խնդրանքով: Էթիկայի հարցերին տրված խիստ կարևորությամբ է նաև ՀՀԱԱ նախագահը պայմանավորում  մասնագիտության ոլորտում  նման ծանրակշիռ դիրքի և խոսքի ապահովումը:

Ընդհանրացնելով` բանախոսը , որպես ընդհանուր զգացողություն լոնդոնյան հանդիպումներից, առանձնացրեց այն կարևոր գիտակցությունը, որն առաջնորդում է մասնագիտության ներկայացուցիչներին, այն է` հետ չմնալ հասարակական, տնտեսական կյանքում զարգացումներից, ավելին`լինել դրանց ակտիվ մասնակիցն ու օժանդակողը:

Պատասխանելով ՀՀԱԱ անդամների հարցերին` Ա. Չիլինգարյանը ներկայացրեց նաև ՀՀԱԱ վերջին շրջանի զարգացումները:

 

 

 

 

Նորություններ
Հուլիս 15, 2019
Հունիս 27, 2019
Հունիս 19, 2019
Փոխարժեք | 24/07/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36