Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Կրթություն և որակավորում » ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Ներբեռնել Ֆայլը` Քննության արդյունքնե

 
         ՀԱՄԱԼՐՎՈՒՄ  ԵՆ  ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ  ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ  ԵՎ
               ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ  ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ  ՇԱՐՔԵՐԸ              
 
                                
2009 թվականի հոկտեմբերի 14-ին Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ ՙՈրակավորված հաշվետար՚, ՙՈրակավորված հաշվապահ՚ և ՙՈրակավորված աուդիտոր՚ վկայագրերի հանձնման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, ՀՀԱԱ նախագահ Մելս Պետրոսյանը, ԱՄՆ մջազգային զարգացման գործակալության ծրագրերի ղեկավարման մասնագետ Հայկանուշ Բագրատունյանը, Կրթությամբ զարգացման ակադեմիա-Հայաստան ծրագրի մասնագետ Արուսյակ Վարդանյանը, ՀՀԱԱ խորհրդի անդամներ, տնտեսագիտական բուհերի ղեկավարներ, հաշվապահական, աուդիտորական կազմակերպությունների, արտադրական ձեռնարկությունների ներկայացուցիչներ, ՀՀԱԱ անդամներ, աուդիտորներ, հաշվապահներ, դասախոսներ, ուսանողներ, որակավորման կրթական ծրագրի մասնակիցներ:
  Բացելով արարողությունը, ՀՀԱԱ նախագահ Մելս Պետրոսյանը շնորհակալական խոսքով դիմեց բոլոր գործընկերներին` ՀՀԱԱ նկատմամբ ցուցաբերած աջակցության համար, բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայել ՀՀԱԱ որակավորման ծրագիրն ավելի կատարյալ, ավելի հզոր դարձնելու ուղղությամբ և ովքեր այսօր էլ ՀՀԱԱ կողքին են այս հանդիսավոր պահին` հերթական կարևոր հաղթանակը նշելիս:
Համառոտ ներկայացնելով ՀՀԱԱ անցած ուղին, այդ ճանապարհին ձեռք բերած հաջողությունները, դրանք պայմանավորող գործոնները, սկզբունքներն ու մոտեցումները, ՀՀԱԱ նախագահը կարևորեց դրանք ՀՀԱԱ գլխավոր առաքելությանը` հաշվապահության և աուդիտի ոլորտի զարգացմանը ծառայեցնելը, հանրության առջև ստանձնած բարձր պատասխանատվության իրականացմանը: Անդրադառնալով այն երաշխիքներին, որոնցով ամրապնդվում են այսօրվա ու վաղվա ձեռքբերումները, ՀՀԱԱ նախագահը մի քանի շեշտադրումներով ամբողջացրեց դրանք.
ՙՀՀԱԱ գլխավոր առաքելությունը հաջողությամբ իրականացնելու համար մենք ունենք մասնագիտական բավարար ներուժ. այսօր ասոցիացիային անդամակցում են 213 անդամներ` բարձրակարգ աուդիտորներ,  հաշվապահներ և ոլորտում ընդգրկված այլ մասնագետներ, ինչպես նաև 122 անդամության թեկնածուներ: Այս ներուժը առավել կամրապնդվի ու կհզորանա որակավորման կրթական ծրագրի համապատասխան փուլերն անցած մասնակիցների շնորհիվ. այսօր մենք մասնագիտական բարձր որակավորման ուղեգրեր ենք շնորհում 49 հաշվետարների, 22 հաշվապահների և 34 աուդիտորների: Շնորհավորում եմ նրանց, ցանկանում եմ նոր հաջողություններ մասնագիտության զարգացման ճանապարհին և մասնագիտական բարձունքների հասնելու անկոտրում կամք: ՀՀԱԱ որակավորման ծրագիրը գործում է 1998թվականից, և այդ տարիների ընթացքում ծրագրի մասնակիցներն ընդհանուր թվով  830-նն են եղել. առաջին մակարդակի` որակավորված հաշվետարի համար նախանշված փուլը պատվով հաղթահարել են 288 մասնակիցներ, հաշվապահի որակավորում են ստացել 45-ը, ևս 45-ը ստացել են ամենաբարձր` որակավորված աուդիտորի որակավորում: ՀՀԱԱ կողմից իրականացվող կրթական ծրագրի հիմքում ընկած է Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտներին համապատասխան Երդվյալ և որակավորված հաշվապահների ասոցիացիայի(ACCA)որակավորման ծրագիրը: ACCA-ը աշխարհում հայտնի, հարյուրամյա տարեգրությամբ մասնագիտական կառույց է, որի 370 հազարից ավելի անդամները ներկայացնում են 100 երկիր: ՀՀԱԱ-ի և ACCA--ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով ՀՀԱԱ որակավորման ծրագրի քննության արդյունքները ճանաչվում են ACCA-ի կողմից որպես ազատումներ վերջինիս համապատասխան քննություններից: Նման համագործակցությունը, հավատացած ենք, լավագույնս կծառայի մասնագիտության զարգացմանն ու ոլորտի առաջընթացին: Մասնագիտության առաջընթացն ու զարգացումը, ՀՀԱԱ այսօրվա, համոզված եմ, նաև վաղվա հաջողությունները պայմանավորող լավագույն երաշխիքներ են նաև համագործակցությունը ոլորտում մեծ հեղինակություն վայելող մեկ այլ կառույցի` Շոտլանդիայի երդվյալ հաշվապահների ասոցիացիայի հետ, ինչպես նաև 2005թվականից անդամակցությունը Հաշվապահների միջազգային դաշնությանը(IFAC): Հաշվապահության մասնագիտության համաշխարհային կազմակերպություն համարվող այս կառույցին անդամակցում են 120 երկիր ներկայացնող ավելի քան 159 անդամ կազմակերպություններ: ՀՀԱԱ որակավորման կրթական ծրագրի վերաբերյալ իրենց երաշխավորությունն են հնչեցրել ահա այս կառույցները: Ցանկանում եմ ընդգծել համագործակցությունը նաև ամերիկյան երկու կառույցների` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Կրթությամբ զարգացման ակադեմիայի հետ: Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց` այն գործուն մասնակցության և աջակցության համար, որ նրանք ցուցաբերել են 1998թվականից սկսած` ասոցիացիայի առաջընթացի և կայացման, մասնավորապես, կրթական ծրագրի` բարձր մակարդակով իրականացման հարցում: Հուսով ենք, որ այս համագործակցությունը նույնպիսի ընթացք և շարունակություն կունենա` ոլորտում երաշխավորելով բարեփոխումների իրականացումը:
ՀՀԱԱ կրթական ծրագրի նկատմամբ իր որոշակի վերաբերմունքն է արտահայտել նաև ՀՀ կառավարությունը: Մեծարգո վարչապետ, Ձեր ջանքերով և ՀՀ կառավարության որոշմամբ 2008թվականին սկիզբ դրվեց ՀՀԱԱ հավատարմագրման գործընթացին: 2008թվականի նոյեմբերին ՀՀԱԱ հավատարմագրումից հետո ՀՀԱԱ աուդիտորի որակավորում ստացած անձինք առանց որևէ լրացուցիչ քննության ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ստացան աուդիտորի որակավորում: 2008-ին Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիային վստահվեց փոքր և միջին բիզնեսին աջակցության ծրագրի շրջանակներում հաշվապահական ծառայությունների մատուցման կենտրոնի կառավարման գործառույթը: Շնորհակալությամբ ընդունելով նման վստահությունը, պատրաստ ենք հավաստիացնել, որ ասոցիացիան, ունենալով հզոր ներուժ, փորձառություն և բարի համբավ, պատրաստակամ է որպես հասարակական կառույց, պետության կողմից պատվիրակվելու դեպքում ստանձնելու նաև հետևյալ պարտավորությունները` հաշվապահների և աուդիտորների որակավորում, նրանց շարունակական մասնագիտական զարգացում, աուդիտորի մասնագիտական աշխատանքի վերահսկողություն, աուդիտորի մասնագիտական էթիկայի կանոնների պահպանման հսկողություն, կարգապահական կանոնների կիրառում և հաշվապահության ու աուդիտի բնագավառների նորմատիվ ակտերի ստեղծմանը մասնակցություն: Կարծում եմ, որ ՀՀԱԱ կողմից այս պարտավորությունների ստանձնումը, պետության կողմից իրականացվող լիցենզավորման և վերահսկողության հետ մեկտեղ, ոլորտում կապահովեն  մասնագիտության արդյունավետ զարգացումը: ՀՀԱԱ-ն մշակել է 2009-2011թ.թ. զարգացման հայեցակարգը, այն տեղադրված է ՀՀԱԱ ինտերնետային կայքում և անդամներից արդեն ստացել ենք բազմաթիվ առաջարկություններ: Ծրագիրը ներկայացվել է նաև Հաշվապահների միջազգային դաշնություն: Առաջիկա 3 տարիների համար կարևորել ենք ՀՀԱԱ-ի` օրենսդրորեն համապատասխան կարգավիճակի ամրապնդումը, ՀՄԴ -ին լիիրավ անդամի կարգավիճակով անդամակցությունը և ասոցիացիայի ինքնաբավության ապահովումը:
Ավարտելով խոսքս, ցանկանում եմ մեկ անգամ ևս վստահեցնել Ձեզ,պարոն վարչապետ և մեր բոլոր գործընկերներին, պարոն վարչապետ, որ ՀՀԱԱ-ն ամեն ինչ անելու է իր ստանձնած պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու համար՚:
Որակավորված հաշվետարների, հաշվապահների ու աուդիտորների շարքերը համալրած նոր մասնագետներին շնորհավորանքի խոսք ուղղեց նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերի ղեկավարման մասնագետ Հայկանուշ Բագրատունյանը: Նա գոհունակությամբ փաստելով, որ հաշվապահության և աուդիտի ոլորտում Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող բարեփոխումները, որ ընդգրկել են տևական մի ժամանակահատված, ՀՀԱԱ-ի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ապահովել են նման բարձր ցուցանիշներ, որ անշուշտ շատ ուրախալի է, միաժամանակ նշեց.ՙՍա իսկապես շատ կարևոր իրադարձություն է. տարիներ առաջ պլանավորած և հաջողությամբ սկսած մեր գործը լավ արդյունքներ է գրանցում, սակայն այն մոտենում է դեռ միայն միջին փուլին, դեռևս ոչ ավարտին, ասել է թե, դեռ կշարունակվի համագործակցությունը ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Սա, իհարկե, ոլորտում զարգացումները կայուն և շարունակական դարձնելու ուղղությամբ մեր ցուցաբերած աջակցության միակ օրինակը չէ. մենք ստանձնել ենք նաև հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների թարգմանությանն օժանդակելու գործը. ես այստեղ տեսնում եմ շատ ծանոթ ու հարազատ դեմքեր, ովքեր պատվով իրականացրել են թարգմանությունը, մնում է, որ կառավարությունը ավարտին հասցնի ծրագրվածը: Մեր աջակցության ծրագրի շրջանակներում է նաև աուդիտի ստանդարտների թարգմանությունը, շատ կարևոր ու արդիական է փոքր ու միջին ձեռնարկությունների համար նախատեսված ստանդարտների թարգմանությունն ու հրատարակումը, որը ևս պլանավորել ենք իրականացնել առաջիկայում: Սիրելի հաշվետարներ, հաշվապահներ, աուդիտորներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ որակավորված մասնագետի բարձր աստիճանը ստանալու կապակցությամբ. կարծում եմ, որ դուք պատրաստ կլինեք պատշաճ կերպով կատարելու ձեր ստանձնած պարտականությունները և հուսով եմ, որ ձեզ կտեսնենք Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիային անդամագրված և ոլորտում  որպես առաջատար մասնագետների՚: 
       ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորելով շրջանավարտներին մասնագիտության զարգացման ճանապարհին ձեռք բերած կարևոր հաղթանակի` որակավորված մասնագետներ դառնալու առիթով և նրանց մաղթելով հաջողություններ հետագա մասնագիտական գործունեության մեջ, նրանց և հանդիսության բոլոր մասնակիցներին ուղղված խոսքում շեշտը դրեց հատկապես այն խնդիրների վրա, որոնց լուծմամբ պետք է պայմանավորվի ոլորտի առաջընթացն ու զարգացումը, ձևավորվի վստահության մթնոլորտ, թափանցիկ դառնա տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը. ՙՑավոք, այս բնագավառում դեռևս լուրջ խնդիրներ կան. դրանցից հիմնականն այն է, որ մեր տնտեսվարողների գործունեությունը թափանցիկ չի հասարակության համար, հասարակությունը չի վստահում այն ֆինանսական հաշվետվություններին, որոնք կազմում են ձեռնարկությունները, և դա մեր տնտեսական համակարգին բավական լուրջ հարված է հասցնում: Ժամանակակից հասարակությունում վստահության մթնոլորտ ձևավորելը տնտեսվարող սուբյեկտների միջև լուրջ առավելություն է համարվում,  և վստահության վրա հիմնված հասարակությունն էլ տնտեսապես շատ ավելի էֆեկտիվ հասարակություն է, որովհետև մենք, ձեզ հետ միասին, կարող ենք շատ ավելորդ ծախսեր չկատարել` վստահելով միմյանց: Այս դեպքում վերանում են միջնորդ բազմաթիվ կազմակերպություններ, պայմանագրերը ստորագրվում են ավելի արագ և ավելի արագ էլ ուժի մեջ են մտնում և, բնականաբար, այս ամենը նպաստում է ավելի ակտիվ մասնակցության: Ահա այստեղ հաշվապահները ունեն լուրջ առաքելություն, իսկ հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան` առավել ևս: Հարցը, որ մեզ այսօր մտահոգում է, հետևյալն է` արդյո±ք մեր հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան կայացած է, և արդյո±ք առանց լրացուցիչ ֆինանսական աջակցության ՀՀԱԱ անդամները պատրաստ են իրենց կրթությունը  զարգացնել, լինել դաշտի տերը, վճարումներ իրականացնել անդամավճարների տեսքով` նպաստելով ՀՀԱԱ կայացմանը: Մինչ այդ առկա փորձը մեզ նման վստահություն չէր ներշնչում: Մենք պատրաստ ենք ՀՀԱԱ-ին տրամադրել որոշակի լիազորություններ, ինչը կարող է նրա ինքնակազմակերպման պոտենցիալը էապես բարձրացնել: Բազմաթիվ լրացուցիչ լիազորություններ տալ` նշանակում է ճանաչել ՀՀԱԱ կողմից տրվող սերտիֆիկատները, գնահատականները, սերտիֆիկացիայի ինստիտուտը: Եթե մենք ի դեմս ասոցիացիայի ունենանք կայացած այդպիսի կառույց, բնականաբար, պետությունը մեծ ուրախությամբ բազմաթիվ գործառույթներ իրենից կօտարի, կտրամադրի այս կառույցին: Չափազանց կարևոր է նաև, որպեսզի ասոցիացիան հետևի աուդիտորական ընկերությունների աշխատանքի որակին, որպեսզի ՀՀԱԱ անդամներն ունենան բարձր պրոֆեսիոնալիզմ, վստահելիություն, և եթե ՀՀԱԱ շարքերում լինեն աուդիտորական ընկերություններ, աուդիտորներ, որոնք չեն հետևի այդ կանոններին, այդ թվում նաև էթիկայի, ՀՀԱԱ-ն ինքը պետք է լուծի այդ խնդիրը, զբաղվի ինքնամաքրմամբ: Մենք պետք է հասնենք այնպիսի վիճակի, որ բարձրանա ՀՀԱԱ ինքնակազմակերպման աստիճանը, որ պետության միջամտության աստիճանը լինի մինիմում, իսկ ասոցիացիայի ինքնակարգավորման դերն ու նշանակությունը հասցնենք մաքսիմումի: Այդ դեպքում մենք կհամարենք, որ իզուր չէր նաև ԱՄՆ ՄԶԳ օժանդակությունը, որ այն իսկապես ծառայեց նպատակին: Շատ հաճախ մենք տեսնում ենք ասոցիացիաներ, որոնք ստեղծվում են, որպեսզի ներգրավեն գրանտներ, և երբ ֆինանսավորումը դադարում է, իրենք էլ իրենց գործունեությունը դադարեցնում են, վերանում են: Այսօր մեզ անհրաժեշտ են հավաստիացումներ առ այն, որ մենք ունենալու ենք ինքնաբավ, կայուն զարգացող հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա, որի կարիքը հասարակությունը զգում է. ահա հենց դրանով էլ պայմանավորված` մենք պետք է վերանայենք ասոցիացիայի նկատմամբ մոտեցումը: Ես ուրախ եմ, որ մասնակցեցի նման կարևորության մի միջոցառման, որովհետև ասոցիացիան իրականացրել է բարձր մակարդակի դասընթացներ, որոնց շնորհիվ պատրաստված մասնագետների պատրաստվածության ու պրոֆեսիոնալիզմի անհրաժեշտությունը դաշտում շատ մեծ է: Սա չափազանց կարևոր խնդիր է, հատկապես, որ 2010թվականից լրացուցիչ բեռ ենք դնում նաև աուդիտորական ընկերությունների վրա: Ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ օրենքով խոշոր կազմակերպություններին պարտավորեցրել ենք, որ նրանք 2010թվականից հրապարակեն անկախ աուդիտորական կազմակերպությունների եզրակացությունը իրենց ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ: Սա նշանակում է, որ հարյուրավոր խոշոր ձեռնարկություններ պետք է օգտվեն որակյալ աուդիտորական ընկերությունների ծառայություններից: Դա էլ իր հերթին նշանակում է, որ աուդիտորական ընկերությունների միջոցով մեր հասարակությունը ստանալու է տվյալներ, որոնք հավաստիացնելու են, որ տվյալ կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները համապատասխանում են իրականությանը: Իսկ դա ձևավորելու է, ավելի շուտ, նպաստելու է վստահության մթնոլորտի ձևավորմանը: Որպեսզի այդ վստահությունը լինի, մենք պետք է վստահենք առաջին հերթին աուդիտորական ընկերություններին: Քիչ չեն դեպքերը, երբ աուդիտորական ընկերությունը վաճառում է ոչ թե իր ծառայությունը, իր գիտելիքները, այլ առանց համապատասխան ստուգումներ անցկացնելու, թե որքանով   են ֆինանսական հաշվետվությունների համապատասխանում իրականությանը, պարզապես վաճառում է իր կնիքը: Հասկանալի է, որ նման ընկերությունների առկայությունը ստվեր է գցում մյուս` ազնիվ աշխատանքով ու վաստակով ապրող աուդիտորական ընկերությունների վրա: Միանգամայն նորմալ եմ համարում, որ առաջնային վերահսկողության գործառույթը ստանձնի Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան, մաքրի դաշտը նման կասկածելի կազմակերպություններից, մանավանդ որ 2010թվականից  պարտադիր պահանջով ավելացնելու ենք այն ձեռնարկությունների քանակը, որոնք վճարելու են այդ ծառայության համար: Ազգային ժողովում ևս հնչեց մտահոգություն, թե արդյոք մեր աուդիտորական կազմակերպությունները պատրաստ են այդ ծառայությունը մատուցել. ուստի ես պետք է խնդրեմ ասոցիացիային, որպեսզի այդ խնդիրը դառնա ավելի առաջնային, որպեսզի ասոցիացիան ամեն ջանք գործադրի ֆինանսական հաշվետվությունների այս դաշտում առավել թափանցիկություն, առավել վստահություն ապահովելու համար, որպեսզի լիցենզիա ունեցող աուդիտորական կազմակերպությունները պատշաճ ձևով ծառայեն մեր հանրությանը: Եվ այդ համագործակցությունը, կարծում եմ, կապահովի շատ լավ արդյունքներ, և թե° մեր քաղաքացիները, թե° բիզնեսմենները, թե° բիզնես միջավայրը դրանից մեծապես կշահեն, և այն մասնագետները, ովքեր այսօր ստացան աուդիտորի որակավորում, կծառայեն իրենց բարձր կոչմանը՚: 
Ինչպե±ս են նրանք ծառայելու իրենց բարձր կոչմանը, որքանո±վ է պարտավորեցնում որակավորման վկայականը, ինչպիսի գիտելիքներով, սկզբունքներով ու չափանիշներով են պատրաստվում իրենց ծառայությունը բերել ոլորտին, ինչ ստացան և ինչ են պատրաստվում տալ: Այս հարցերի պատասխանները որակավորման վկայականները ստացած մասնագետների կողմից հնչեցին պահի տրամադրության տակ, շնորհավորանքների ու բարեմաղթանքների մթնոլորտում, թելադրված օրվա` ոգևորող ու պարտավորեցնող խորհրդով:
Քնարիկ Սաֆարյան
 ՙԵս այսօր ստացա ամենաբարձր աստիճանը` որակավորված աուդիտոր, անշուշտ շատ ուրախ եմ ու հպարտ, սակայն չեմ մոռանում, որ այս աստիճանին ներկայացվող պահանջներն էլ ամենաբարձրն են լինելու բնականաբար. գիտեմ, որ վերապահումների տեղ չի մնալու: Աուդիտորի մասնագիտությունը բնորոշող ամենակարևոր չափանիշը եղել և մնում է պատասխանատվությունը, աուդիտորի վարքագծին ներկայացվող պահանջները, որոնցում անկախությունը, օբյեկտիվությունը պետք է տիրապետող լինեն, առաջնայինը. յուրաքանչյուր ծառայություն մատուցելիս աուդիտորը պարտավոր է վարքագծի կանոնները սրբությամբ պահպանել: Ահա այս գիտակցությամբ, այս սկզբունքով ու պատասխանատվությամբ եմ պատրաստվում ծառայել ոլորտին: Իսկ բավարար և անհրաժեշտ գիտելիքներ դասընթացի ընթացքում անպայման ձեռք բերեցինք, յուրացնելով վարքագծի մի շատ  կարևոր կանոն ևս` առանց շարունակականության, առանց մշտապես թարմացվելու դրանք չեն ծառայի նպատակին. փակել դասագրքերը, դրանք մի կողմ դնել և վկայակոչել որակավորված աուդիտորի վկայականը, կարծում եմ ամենամեծ սխալը կլինի. չէ որ սա այն ոլորտն է, որտեղ օրենսդրական փոփոխություններ, նորություններ, բարեփոխումներ մշտապես իրականացվում են և տեղյակ չլինել դրանց, պրակտիկայում չառաջնորդվել դրանցով, նշանակում է դավաճանել և' սկզբունքներին, և' կոչմանը և' պարզապես լավ մասնագետ, լավ աուդիտոր չլինել:  
Գիտելիքների մատուցման, դասավանդման հետ կապված մի նկատառում միայն` հիմնված դասընթացների ամբողջական կուրսն անցած ուսանողի տպավորության վրա. դասընթացների մասնակիցների մեջ կային և պրակտիկ հաշվապահներ, և դեռևս անփորձ, միայն բուհից տեսականորեն հաշվապահությանն ու աուդիտին ծանոթ ուսանողներ. լավ կլիներ, որ դասավանդող մասնագետները, նկատի ունենալով այս տարբերակումը, հավասարակշռեին այն` իրենք լինելով այս երկուսի` տեսականի և գործնականի համատեղ կրողները, այնինչ` դասախոսների մեջ ևս մի դեպքում գերակշռում էր տեսաբանը, մեկ այլ դեպքում` պրակտիկը՚:
 Քրիստինե Ղևոնդյան
ՙՔիչ առաջ վարչապետի ձեռքից ստացա որակավորված աուդիտորի վկայականը, կարելի է ասել` ուղեգիր, գործուղում, գործելու երաշխավորություն մի ոլորտ, որտեղ շատ խնդիրներ, անելիքներ ու դրանք իրականացնելու բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետների անհրաժեշտություն կա: Այսօր շատ հնչեց հասարակության հանդեպ պարտավորության մասին. աուդիտորի ծառայությունը հենց նման պարտավորություն է ենթադրում, իսկ դրա լավագույն դրսևորումը պրոֆեսիոնալիզմի ու վարքագծի նորմերի համատեղումն է: Կաշխատեմ, որ իմ աուդիտորական գործունեության ընթացքում, որին ցանկանում եմ ձեռնամուխ լինել առաջիկայում, դա չխախտվի: Ինձ համար միակ բարդությունը Վանաձորից գալն ու ժամանակին պարապմունքներին հասնելն է եղել, սակայն աշխատել եմ ոչ մի դաս բաց չթողնել, որովհետև դրանցից յուրաքանչյուրը շատ մեծ ինֆորմացիա է պարունակել, նոր գիտելիքներ է տվել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիային` ընձեռած նման հնարավորության համար. այն շատ կարևոր էր գիտելիքների ձեռքբերման, ոլորտի մասնագետ կոլեգաների հետ փորձի փոխանակման, կրթաթոշակային համակարգի կիրառման, հայերեն լեզվով ծրագրի ուսուցումը կազմակերպելու, հետագայում ACCA-ի կողմից այս քննությունների արդյունքները ճանաչելու և ավելի բարձր մակարդակ ապահովելու հնարավորության առումներով: Կցանկանայի, որ դասընթացների ավարտից հետո էլ ասոցիացիան մեզ չմոռանա, որ առաջիկայում էլ կապը պահպանվի շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներին, Հաշվապահի ակումբներին մասնակցության տեսքով՚:
Այն, որ դասընթացներն իրականացվում են կազմակերպված ու բարձր մակարդակով, դասավանդող մասնագետների  պատրաստվածության աստիճանն ու մատուցած գիտելիքների որակը համապատասխանում են  պահանջվող չափանիշներին, քննությունների ընթացքում ապահովվում են անաչառությունն ու անկողմնակալությունը, իրենց շնորհակալական խոսքում հաստատեցին որակավորված հաշվապահի և որակավորված  հաշվետարի վկայագրեր ստացած մասնակիցները ևս: Թե° հեղինակավոր կազմակերպությունների փորձառու  հաշվապահներն ու տնտեսագետները, թե° ոլորտում աշխատանքային առաջին քայլերը նոր-նոր անող մասնագետները, թե° տնտեսագիտական բուհերի համապատասխան մասնագիտությունները   ներկայացնող ուսանողները ցանկություն հայտնեցին շարունակել մասնակցությունը դասընթացներին:
 Աուդիտ առարկան դասավանդող մասնագետ, ՙԳրանթ Թորնթոն Ամյօ Հայաստան՚ ընկերության ձեռնարկությունների աուդիտի բաժնի ղեկավար Անիկ Մարտիրոսյանը վկայակոչելով աուդիտի դաշտում առկա անելիքները, դրանց իրականացման հարցում առաջնայինը համարեց կրթության խնդրի լուծումը, աուդիտորի մասնագիտության  զարգացումը. ՙՈրպեսզի աուդիտորը կարողանա իր աշխատանքը կատարել միջազգային ստանդարտներին համապատասխան, պետք է առաջին հերթին նրա կրթական մակարդակը բարձրացնել: Այս հարցում շատ մեծ է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի դերը. ասոցիացիայի որակավորման կրթական ծրագիրը իսկապես հնարավորություն է տալիս պատրաստել բարձրորակ մասնագետներ, մասնակիցներին զինել ոլորտում անհրաժեշտ գիտելիքներով: Գործընթացը շատ լավ հիմքերի վրա է դրված` սկսած աշխատանքի կազմակերպումից, դասավանդման պրոցեսից, քննական հարցերի պատրաստումից, քննության անցկացումից մինչ քննական աշխատանքների ստուգումը: Այն, որ այս ամբողջական գործընթացի տարբեր փուլերում ընդգրկված են տարբեր մարդիկ, որոնք գործում են մեկը մյուսից անկախ, տեղյակ չլինելով մյուսների աշխատանքի արդյունքին, խոսում է օբյեկտիվության ու անաչառության բարձր մակարդակի մասին: Ես ինքս համոզվել եմ դրանում իմ օրինակով. նախկինում հանձնել եմ մեկ քննություն և հավաստիացել, որ ընկերությունը, ծանոթությունը այս հարցում որոշող գործոններ չեն, ավելին, ոչ մի դեր չեն խաղում: Ծրագրի հաջողությունը պայմանավորված է դասավանդող  մասնագետներով ևս ու նաև ուսանողներով, որովհետև այստեղ այն մարդիկ են, ովքեր ցանկություն ունեն սովորելու, աշխատելու, պատրաստակամ են ձեռք բերելու նոր գիտելիքներ, գիտակցում են, որ դրանք իրենց վաղվա հաջողության, գործարար ոլորտում իրենց պատվի ու հարգանքի լավագույն երաշխիքներն են:
Ասոցիացիայի հավատարմագրումը, որպես որակավորում շնորհող կառույցի, նրան կառավարության կողմից տրված այս լիազորությունն անշուշտ ավելի է բարձրացնում ծրագրի կշիռն ու հեղինակությունը, բայց մյուս կողմից էլ գործում է ՙտրվել է իրավունք, տրվել է նաև պարտավորություն՚ սկզբունքը, և ասոցիացիան  պետք է էլ ավելին անի կրթական ծրագրի զարգացման, ամբողջ գործընթացը ավելի կատարյալ դարձնելու համար:
Իհարկե լավ աուդիտոր դառնալու համար կրթությունը դեռ քիչ է, պետք է նաև որոշակի  փորձառություն անցնել.  դասընթացի մասնակիցների մի մասը, ովքեր հաշվապահներ են և հավակնում են աուդիտորի որակավորման, աուդիտորական աշխատանքի գործնական փորձ չունեն և շատ կարևոր է տեսական գիտելիքների հետ միասին նրանց փոխանցել մեր աշխատանքային փորձը: Ես փորձում եմ այդ սկզբունքով աշխատել և աուդիտորական ընկերությունում աշխատանքի իմ փորձը հարուստ նյութ է տալիս նրանց: Այսօր շատ ուրախ եմ, որ նրանք լավ են յուրացրել ստացածը, և ոչ միայն բոլորը հաջողությամբ հանձնել են քննությունները, այլև հանձնել են 70-ից բարձր միավորներով: Սա իմ երկրորդ խումբն է, այստեղ են նաև իմ առաջին խմբի շրջանավարտները, ովքեր այսօր հաջողությամբ աշխատում են աուդիտորական տարբեր ընկերություններում: Ես հպարտ եմ, որ նրանք պատվով են իրականացնում իրենց աշխատանքը և այսուհետ էլ պատրաստ եմ իմ գիտելիքներն ու փորձը փոխանցել նրանց: Անշուշտ մեզ` դասախոսներիս այդ հարցում կարող են շատ օգտակար լինել դասագրքերը, սակայն դրանց ներկա վիճակը ցանկալին ապահովելու հնարավորություն չի տալիս. այս գրքերը թարգմանվել են մի քանի տարի առաջ, իսկ քանի որ և° աուդիտի, և° հաշվապահական հաշվառման ստանդարտները, և° ֆինանսական դաշտում ընդհանրապես, բավականին փոփոխություններ են կատարվել, դրանք մի քիչ հնացած են: Որպեսզի դրանք համապատասխանեցնեմ ներկա ժամանակների պահանջներին, ես, օրինակ, ACCA-ի գրքերից եմ թարգմանություններ կատարում կամ ընտրում եմ նոր խնդիրներ: ACCA-ի գրքերը յուրաքանչյուր տարի փոխվում են, իսկ մեր գրքերը արդեն քանի տարի է, նույնն են մնում: Դա որոշակի խնդիրներ է առաջացնում, ուստի ես կառաջարկեի, որ այս հարցին հատուկ ուշադրություն դարձվի, գրքերը թարմացվեն, համապատասխանեցվեն ներկա պահանջներին, դրանցում ներառվեն դաշտում կատարված փոփոխությունները՚:
 Այն, որ դեռևս անցնելու ճանապարհ կա ու այդ ճանապարհին դեռ խնդիրներ կան և դրանք հաղթահարելու համար բոլորի ջանքերը համատեղելու անհրաժեշտություն կա, միակարծիք էին հանդիսությանը  ներկա բոլոր մասնակիցները: Իսկ ի±նչ զարգացումներ են սպասվում, ի±նչ շարունակություն է ենթադրվում, ինչպես է գնահատում ու տեսնում դրանք այն կազմակերպության ներկայացուցիչը, որը տարիներ շարունակ ասոցիացիայի կողքին է եղել, աջակցել ու խրախուսել է նրա ծրագրերն ու մտահղացումները:
Հայկանուշ Բագրատունյան ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի ղեկավարման մասնագետ
ՙԲոլոր մակարդակներում պետք է հետևողականություն հանդես բերել ծրագրերի իրականացման, դրանք մինչև վերջնական ավարտի հասցնելու հարցում: Կառավարությունը պետք է հետամուտ լինի, որ իրականություն դառնան բոլոր այն նորարարությունները, բոլոր այն ծրագրերը, որոնք նոր են սկսվել կամ արդեն ընթացքի մեջ են, այսինքն` եթե հաշվապահական ստանդարտները թարգմանվել են, պետք է հետևենք, որ դրանք օրենքի ուժ ստանան, ոչ միայն օրենքի ուժ ստանան, այլ նաև պատշաճ ձևով կիրառվեն ձեռնարկությունների կողմից, դրանցով առաջնորդվեն հաշվապահներն ու աուդիտորները. այստեղ համատեղ աշխատանք է պետք, որում պետք է ընդգրկված լինեն ոչ միայն ասոցիացիան, այլ նաև դոնոր կազմակերպությունները: Ես որակավորված մասնագետներին ուղղված շնորհավորանքի իմ խոսքում նշեցի, որ սա դեռ միայն միջին փուլն է. իհարկե ուրախ կլինեի ասելու, որ վերջնական փուլն է, բայց կարծում եմ, որ ամենահետաքրքրական ու կարևոր փուլը դեռ նոր է սկսվում: Ինչպես վարչապետը նշեց, ՀՀԱԱ-ն պետք է վստահության քվե ձեռք բերի, ապահովի երաշխիքներ, որ որոշակի գործառույթներ կարելի է իրեն վստահել, որ արժանի կառույց է, որ այստեղ ամեն ինչ իրականացվում է պատշաճ ձևով: Իհարկե անցումային այս փուլում ոչ ոք կատարյալ չէ, բայց կարևորն այն է, որ տեսնում ենք, որ կա կամք և վճռականություն, որ բոլորը պատրաստ են աշխատել, որ ի վերջո այս կառույցը կդառնա ինքնաֆինանսավորվող: Իսկ ամենից ավելի կարևորը, վերջնական նպատակն այն է, որ ասոցիացիան դառնա այն կառույցը, որը կկարողանա իր անդամներին պատշաճ կերպով ծառայություններ տրամադրել,  իր շարքերում ունենալ մասնագիտական ու էթիկական բոլոր չափանիշներին համապատասխանող հաշվապահներ և աուդիտորներ: Ահա այս խնդիրները մենք պետք է համարենք այս փուլի ամենակարևոր անելիքը և սրան նպատակաուղղենք բոլորիս  ջանքերը՚:  

Փոխարժեք | 20/11/2017
USD
486.78
GBP
644.89
EUR
574.01
RUB
8.17